Շվեյցարիան 5,5 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
Շվեյցարիայի կառավարությունը ցանկանում է մինչև 2036 թվականը 5,5 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի վերականգնմանը, որից 1,66 միլիարդ դոլարը պետք է հատկացվի մինչև 2028 թվականը: Այս մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«2022 թ. փետրվարին պատերազմի բռնկումից ի վեր Շվեյցարիան հումանիտար օգնություն է տրամադրում և իր ավանդը ներդնում Ուկրաինայի տնտեսական զարգացման ու երկարաժամկետ վերականգնման գործում: Այս աջակցությունը հիմնված է Ուկրաինայի հետ արդեն գոյություն ունեցող համագործակցության վրա և կուժեղանա առաջիկա տասներկու տարվա ընթացքում: Դաշնային խորհուրդն այդ մասին որոշում է կայացրել 2024 թ. ապրիլի 10-ի նիստում: Պլանավորվում է այդ նպատակների համար, ընդհանուր առմամբ, 5 միլիարդ ֆրանկ (խմբ․՝ շուրջ 5,5 միլիարդ դոլար) հատկացնել մինչև 2036 թվականը: Սկզբնական փուլում մինչև 2028 թվականը միջազգային համագործակցության բյուջեից դուրս կգրվի շուրջ 1,5 միլիարդ ֆրանկ (խմբ․՝ մոտավորապես 1,66 միլիարդ դոլար)», - ասված է փաստաթղթում։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ Շվեյցարիան արդեն 3,3 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային օգնության համար, այդ թվում՝ 2,8 միլիարդ դոլարը՝ երկրում ուկրաինացի փախստականներին ընդունելու համար։ Դաշնային խորհուրդը կդիմի խորհրդարանին` խնդրելով հաստատել ֆինանսական օգնության այս նոր նախագիծը:
«Մինչ այժմ ձեռնարկված և պլանավորված միջոցառումների օգնությամբ Շվեյցարիան նաև նպաստում է Եվրոպայի կայունությանը և միգրացիոն հոսքերի կրճատմանը` միևնույն ժամանակ անուղղակիորեն ամրապնդելով Շվեյցարիայի անվտանգությունը, բարգավաճումը և անկախությունը», - գրված է Դաշնային խորհրդի հայտարարության մեջ։
Համաշխարհային բանկը հաջորդ տասնամյակում Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը գնահատել է 486 միլիարդ դոլար: