Ղազախստանում ավելի քան 96 000 մարդ է տարհանվել հեղեղների պատճառով
Ղազախստանում լայնամասշտաբ հորձանքների պատճառով տարհանված բնակիչների թիվը գերազանցել է 96 000-ը։ Նրանցից 32 000-ը երեխաներ են։ Այս մասին հաղորդում է ղազախական «Գոլոս նառոդա» լրատվամիջոցը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հրապարակման՝ 7600-ից ավելի մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում։ Տուժած շրջաններ է մատակարարվել ավելի քան 160 000 կգ հումանիտար օգնություն։
Մարտին սկսված հորձանքների պատճառով Ղազախստանի 10 շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակի ռեժիմը։ Վթարային-փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 24 000 մարդ և 2600 միավոր տեխնիկա։
Ռուսաստանում ևս հազարավոր մարդիկ են տարհանվել մի շարք շրջաններից։ Հատկապես ծանր իրադրություն է ստեղծվել Օրենբուրգում։
Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայում գարնանը ձնհալքից հետո առաջացող հորձանքները սովորական երևույթ են, սակայն այս տարի հեղեղներին նպաստել են ձյան արագ հալչելը կտրուկ բարձրացող ջերմաստիճանի պատճառով, հորդառատ անձրևները և մի շարք այլ գործոններ։