Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կրկին խոստացել է պատժել Իսրայելին Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ուրազա-Բայրամի տոնի առթիվ աղոթքի ժամանակ իր քարոզներում Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա գրոհը համարժեք է համարել Իրանի տարածքի վրա հարձակվելուն և հայտարարել, որ Իսրայելը «պետք է պատժվի ու պատժվելու է», հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Այաթոլա Խամենեին իր քարոզի ընթացքում անդրադարձել է Գազայի հատվածում տիրող իրադրությանը՝ դրա մեջ մեղադրելով նաև արևմտյան երկրներին՝ Իսրայելին աջակցելու համար։
Իրանի առաջնորդն իր ելույթում հիշատակել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը՝ դա անվանելով «սիոնիստական ռեժիմի ևս մեկ սխալ»:
«Ցանկացած երկրում հյուպատոսությունը և դիվանագիտական հաստատությունները համարվում են այդ երկրի տարածքը, ուստի երբ հարձակվում են մեր հյուպատոսության վրա, դա նշանակում է հարձակում մեր տարածքի վրա», - ասել է այաթոլա Խամենեին։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան գեներալ։