Փոխվարչապետը նոր մանրամասներ ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից
Կառավարությունը շուտով կներկայացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ծրագրի վերաբերյալ մանրամասներ։
Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է տուն գնելու կամ կառուցելու նպատակով 3-ից մինչև 5 միլիոն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։
«Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն։ Որպես չափորոշիչ կսահմանվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու հանգամանքը։ Աջակցության նվազագույն չափը մեկ մարդու հաշվով 3 միլիոն դրամ կլինի, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում, մեկ մարդու հաշվով աջակցությունը կդառնա 4-5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ, որակյալ կրթական, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ ապահովելու նպատակով։
«Այսպիսի բնակավայրերում շահառուները կարող են ֆինանսական աջակցության մի մասն օգտագործել նաև տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու և կահավորելու, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար։ Այն ընտանիքները, որոնք նշված բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան դրանց նկատմամբ սեփականության իրավունք»,- ասաց փոխվարչապետը։
Խաչատրյանի խոսքով՝ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն այն անձանց, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա օգտվել բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից, ծրագիրը կիրականացվի փուլերով։
«Շահառու ընտանիքներին աջակցությունը հասանելի կդառնա որոշակի հաջորդականությամբ։
Առաջին տարվա համար աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում երեք և ավելի անչափահաս երեխաներ կան։ Առաջնահերթություն կունենան նաև այն ընտանիքները, որտեղ կա մեկ անչափահաս երեխա և միաժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցությունը հասանելի կդառնա երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար և այդպես շարունակ։ Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի փուլերով և մեր հայրենակիցների մի մասը ծրագրի աջակցությունից կօգտվեն երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարում՝ կշարունակենք վարձակալության ծախսերի աջակցություն ցուցաբերել նաև 2025 թվականից հետո, սակայն աջակցության չափորոշիչները կվերանայվեն՝ բարձրացնելով ծրագրի սոցիալական թիրախավորումը»,- եզրափակեց Խաչատրյանը։