Հայաստանը ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ստացել է ֆինանսավորում և քարոզչություն, սակայն ոչ մի փամփուշտ․ Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է.
Անցած ուրբաթ Բրյուսելում տեղի ունեցավ եվրոպացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ սպասված հանդիպումը։ Հայերը չափազանց ոգևորված էին այդ հանդիպման առիթով դրա կայացումից շատ առաջ։
Որոշ հայեր իզուր տեղը ենթադրում էին, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրամիությանը, իսկ ուրիշներն ավելի հեռուն գնալով կանխատեսում էին, որ Հայաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Թեև հայերը հիանալի ժողովուրդ են, սակայն իրենց ողջ պատմության ընթացքում նրանք ունեցել են մի մեծ թերություն, որը դիվանագիտության մեջ հմտությունների պակասն է։
Չնայած հայերը տուժել են ներխուժումներից, բռնազավթումներից, կոտորածներից և նույնիսկ ցեղասպանությունից, նրանք երբեք չեն հասկացել, որ ոչ մի օտար ուժ չի կարողանա փրկել իրենց: Նրանք մշտապես հույս են ունեցել, որ ինչ-որ երկիր կփրկի իրենց, կարծես թե ինչ-որ մեկը պարտավոր էր դա անել։ Եթե հայերը երբեք չեն պաշտպանել իրենց երկիրը, ապա ինչո՞ւ պետք է օտարը նման բան անի։ Ինչպե՞ս կարող են օտարներն ավելի շատ մտահոգված լինել Հայաստանի անվտանգության և բարեկեցության խնդիրներով, քան հայերը:
Չնայած հակառակն ապացուցող բոլոր փաստերին՝ հայերը հազարավոր տարիների ընթացքում հավատացել են այն հեքիաթին, որ ինչ-որ մեկը կգա իրենց փրկելու: Մինչև վերջերս հայերի մեծ մասը հավատում էր, որ եթե իրենք հայտնվեն իրական վտանգի մեջ, Ռուսաստանը կփրկի իրենց: Բնականաբար, սա վաղեմի ցանկալին իրականի փոխարեն ընդունելու շարունակությունն է։ Չնայած հայերի ակնկալիքներին, երբ Ռուսաստանը 2020 թվականին Արցախը չպաշտպանեց Ադրբեջանի ներխուժումից, ակնհայտ էր, որ Ռուսաստանը պարտավորություն չուներ պաշտպանելու Արցախը, քանի որ այն Հայաստանի Հանրապետության մաս չէր։ Ի վերջո, ռազմական դաշինքը, որը կոչվում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), եղել է Ռուսաստանի, նախկին խորհրդային չորս այլ հանրապետությունների և Հայաստանի Հանրապետության միջև, այլ ոչ թե Արցախի։ Բայց երբ Ադրբեջանը 2021 և 2022 թվականներին գրավեց Հայաստանի որոշ տարածքները, ավելի շատ հայեր սկսեցին սթափվել այն փաստից, որ ՀԱՊԿ-ը ոչինչ չի անելու Հայաստանի տարածքը պաշտպանելու համար:
Կարելի էր կարծել, որ երբ մի օր հայերը վերջապես հասկանան այս փաստը, նրանք կհամոզվեն, որ ոչ ոք չի պաշտպանելու Հայաստանը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Նրանք շարունակեցին փրկիչների իրենց հավերժական փնտրտուքը: Պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ աճող հակակրանքով՝ բազմաթիվ հայեր սկսեցին հավատալ, որ այժմ իրենց օգնության կգա Արևմուտքը (Եվրոպան, ԱՄՆ-ը) կամ Իրանը: Որոշ ժամանակ անց, երբ տեսնեն, որ ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Իրանը չեն պատրաստվում փրկել իրենց, նրանք երևակայելու են, որ Հնդկաստանն ու Չինաստանը կպաշտպանեն իրենց։ Այսպիսով, նրանք կգնան երկրից երկիր՝ նոր պաշտպան փնտրելու։ Բայց հայերը շարունակում են հավատալ, որ ուրիշները պարտավոր են պաշտպանել իրենց: Աշխարհի յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր ազգային շահերը, բացառությամբ, կարծես թե, Հայաստանի։ Եթե Հայաստանը ձեռնհաս ղեկավար ունենար, նա շտապ քայլեր կձեռնարկեր՝ մինչև ատամները զինելու երկիրը՝ ինքն իրեն պաշտպանելու համար։ Կան մարդիկ, որոնք ասում են՝ Հայաստանը երբեք չի կարողանա պաշտպանվել իր ավելի հզոր թշնամիներից, որքան էլ լավ զինվի։ Թեև դա ճիշտ է, սակայն դրա լուծումը Հայաստանի սահմաններն անպաշտպան թողնելը չէ, որ ամեն մեկը կարողանա ներխուժել: Հայաստանի թշնամիները պետք է գիտակցեն, որ եթե համարձակվեն հատել նրա սահմանները, ապա թանկ գին կվճարեն: Նրանք պետք է իմանան, որ Հայաստանը հանրային զբոսայգի չէ, որտեղ կարող են ազատորեն մտնել, երբ ուզեն։
Անդրադառնալով անցած ուրբաթ Բրյուսելում կայացած հանդիպմանը, բնականաբար, երբեք չքննարկվեց Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հայաստանն իսկապես ստացավ մի քանի հարյուր միլիոն դոլարի խոստումներ հաջորդ չորս տարվա ընթացքում, և ավելի փոքր գումար՝ Միացյալ Նահանգների տնտեսական օգնությունից։ Բնականաբար, սա լավ է։ Ո՞վ կարող է վիճարկել դրամաշնորհի ստացումը, ենթադրելով, որ այդ գումարը կծախսվի խելամտորեն և չի գնա իշխանամետ կապալառուների գրպանները։
Հայաստանին գումար հատկացվեց տնտեսական զարգացման և այլ ենթակառուցվածքների համար, օրինակ՝ էներգետիկայի։ Դա նույնպես լավ է։ Այնուհետև մենք շատ քարոզչություն լսեցինք Հայաստանի ժողովրդավարական պետություն լինելու մասին: Սա պարզապես շողոքորթություն էր՝ Փաշինյանին զվարճացնելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակեց խրախուսել Հայաստանում ժողովրդավարության խթանումը, թեև ԱՄՆ կառավարությունը ուշադրություն չի դարձնում նման անիմաստ սկզբունքների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա համապատասխանում է իր քաղաքական ու ռազմական շահերին: Հակառակ դեպքում, Միացյալ Նահանգները վաղուց պատժամիջոցներ կսահմաներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ իրենց սեփական բնակչության, ինչպես նաև արցախահայերի ժողովրդավարական իրավունքների բազմաթիվ խախտումների պատճառով։
Հայաստանն Արևմուտքից քաղաքական քարոզչության կարիք չունի։ Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական հարձակումները Հայաստանի վրա, նույնիսկ Բրյուսելում հանդիպման կայացման ժամանակ, այս պահին Հայաստանին ամենաշատն անհրաժեշտ է զենք՝ պաշտպանվելու իր մահացու թշնամիներից՝ Ադրբեջանից և Թուրքիայից: Եթե հանկարծ կորցնենք մեր հայրենիքը, անիմաստ կդառնա բարելավված կառույցներ կամ ժողովրդավարական կառավարում ունենալը։ Քանի որ ոչ Արևելքը, ոչ Արևմուտքը չեն ապահովում Հայաստանի անվտանգությունը, նախագահ Ալիևը համոզված է, որ Հայաստանի հետ կարող է վարվել ինչպես ինքն է ցանկանում, և ոչ ոք ոչինչ չի անի նրան պաշտպանելու համար՝ բացի մի «բուռ» դոլարից ու բազում անօգուտ գովասանքներից ։
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի