Փաշինյանն ու Պուտինը տեսանելի ապագայում կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա հարցերը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի ապագայում կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերությունների բոլոր հարցերը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք հուսով ենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կլինի նախագահներին անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է, և երկկողմ հարաբերությունների կարևորությունը չի կարելի գերագնահատել։
«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Իհարկե, նման սերտ երկխոսության ժամանակ որոշ խնդիրներ կարող են առաջանալ»,- ասել է նա։