Փաշինյանը հայտնեց, թե որն է Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակով հանդիպման քաղաքական ենթատեքստը
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը:
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
Վարչապետը, կարևորելով ապրիլի 5-ին Բրյուսելում ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը, ասաց, որ հանդիպումը երբևէ անվտանգային ենթատեքստ ու օրակարգ չի ունեցել: «Բայց համաձայնեք, և դա ակնհայտ է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն երբեք չէին համաձայնի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը»,-ասաց Փաշինյանը:
Բրյուսելի հանդիպումը, որն օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական և քաղաքական էր, վարչապետը համարեց աննախադեպ՝ թե ձևաչափով, թե նշանակությամբ:
«Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային»,-ասաց նա:
ԵՄ-ն և ԱՄՆ-ն բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունն ու աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը՝ ընդհանուր արժեքներին ու սկզբունքներին համահունչ: