Թուրքիան հերքել է Իսրայելի ռազմաօդային ուժերին վառելիքի մատակարարումների մասին լուրերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է տեղեկությունն այն մասին, որ Անկարան վառելիք է մատակարարում իսրայելական ռազմական ինքնաթիռներին։
«Որոշ սոցիալական ցանցերում տարածված այն հայտարարությունը, թե իսրայելական ավիացիոն վառելիքը գալիս է Թուրքիայից, չի համապատասխանում իրականությանը։ Ավիացիոն վառելիքի վաճառքը, ինչպես հետևում է Էներգետիկ շուկայի կարգավորող մարմնի տվյալներից, որևէ առնչություն չունի իսրայելական ռազմական ինքնաթիռների հետ»,- ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Նշվում է, որ խոսքն Իսրայել ուղարկվող վառելիքի մասին չէ, այլ թուրքական տարածքի օդանավակայաններում Իսրայելի քաղաքացիական ինքնաթիռների համար գնված ավիավառելիքի։ «Վառելիք ստացող բոլոր օդանավերը մարդատար ինքնաթիռներ են: Խնդրում ենք չհիմնվել մանիպուլյացիոն արշավների վրա»,- ասված է հայտարարության մեջ։