Շվեյցարիայում հայտնել են, թե որ դեպքում երկիրը կհրաժարվի չեզոքությունից
Շվեյցարիան կհրաժարվի իր չեզոքությունից, եթե իր վրա հարձակվեն։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Վիոլա Ամհերդը։
«Եթե Շվեյցարիայի վրա հարձակվեին, իրավիճակն այլ կլինի, և չեզոքությունը կկորցնի իր ուժը: Մենք կարող ենք կազմակերպել մեր պաշտպանությունը գործընկերների հետ միասին»,- ասել է Ամհերդը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով եվրոպական հակաօդային պաշտպանության «European Sky Shield» համակարգում ընդգրկվելու հարցին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Շվեյցարիայի ղեկավարությունը ներկայումս ելնում է նման սցենարի անհավանականությունից և հույս ունի, որ դա տեղի չի ունենա։
«Եվրոպական երկնքի վահան» նախաձեռնությունը մեկնարկել է Գերմանիայի կողմից 2022 թվականի օգոստոսին և ներկայումս միավորում է 19 երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներին՝ Մեծ Բրիտանիային, Սլովակիային, Լատվիային, Հունգարիային, Բուլղարիային, Բելգիային, Չեխիային, Ֆինլանդիային, Լիտվային, Նիդեռլանդներին, Ռումինիային, Սլովենիային, Էստոնիային և Նորվեգիային։ Շվեդիան և Դանիան նույնպես միացան նախագծին 2023 թվականի փետրվարին: Հունաստանը նույնպես հայտարարել է «Եվրոպական երկնքի վահանին» միանալու մտադրության մասին։