Ահաբեկչության հարցում Ֆրանսիայի և Ռուսաստանի երկխոսությունն ընդհատվել է. Սեժուրնե
Փարիզի և Մոսկվայի միջև երկխոսությունն ընդհատվել է. այսօր մեր շահերից չի բխում ռուս պաշտոնյաների հետ բանավեճը, քանի որ նրանք կեղծ մամլո հաղորդագրություններ ու հայտարարություններ են հրապարակում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն France 24-ի և RFI-ի լրագրողների հետ զրույցում:
Նշվում է, որ ավելի վաղ պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնուի և Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցից հետո, որի նպատակն է եղել ռուսական կողմին օգտակար տեղեկություններ փոխանցել Մոսկվայում տեղի ունեցած հարձակման մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ռուսական կողմի մեկնաբանությունները:
Ռուսաստանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հույս ունի՝ ֆրանսիական հատուկ ծառայությունները ներգրավված չեն եղել այդ հարձակման մեջ, որի հետևանքով մարտի 22-ին զոհվել է 144 մարդ:
Ստեֆան Սեժուրնեն նշել է, որ ահաբեկչության հարցում Ռուսաստանի հետ համագործակցության վաղեմի ավանդույթն այժմ փակուղի է մտել։