Գազայում զինադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց է ձեռք բերվել. ԶԼՄ-ներ
Գազայի հատվածում զինադադարի շուրջ Կահիրեում ընթացող բանակցություններում առաջընթաց է գրանցվել, կողմերը համաձայնության են եկել հիմնական կետերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նշվում է, որ Եգիպտոսի պետական Al-Qahera հեռուստաալիքի աղբյուրը ապրիլի 8-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի և Կատարի պատվիրակությունները հեռացել են Կահիրեից և կվերադառնան երկու օրվա ընթացքում՝ համաձայնեցնելու վերջնական համաձայնագրի պայմանները, իսկ Իսրայելի և ԱՄՆ-ի պատվիրակությունները մի քանի ժամվա ընթացքում կլքեն Եգիպտոսի մայրաքաղաքը:
Կահիրեում բանակցություններն անցկացվել են ապրիլի 7-ին` Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ հեռուստաալիքը նշում է, որ նրանցից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատել քննարկման ժամանակ ձեռք բերված առաջընթացի մասին հաղորդումը։
Իսրայելական Jerusalem Post թերթը տեղեկացրել է, որ ապրիլի 7-ին ՀԱՄԱՍ-ը կրկնել է համաձայնագրի իր պահանջները՝ մշտական հրադադար, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից, տեղահանվածների վերադարձ և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում Գազայում պահվող իսրայելցի պատանդների հետ:
Axios լրատվական հարթակը, վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, օրերս հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակներ է ուղարկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին՝ խնդրելով ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, որ խմբավորումը համաձայնի պատանդների ազատ արձակման գործարքին։