Ձերբակալություններ՝ Ֆրանսիայում․ 7000-ից ավելի մարդ կասկածվում են թմրավաճառության մեջ
Ֆրանսիայի ոստիկաններն ու ժանդարմները ձերբակալել են ավելի քան 7000 կասկածյալի թմրահանցագործության դեմ «Մաքուր հրապարակ» լայնածավալ գործողության ընթացքում, որը կես տարի շարունակվել է ամբողջ երկրում։
Այդ մասին X-ում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
«Վեց ամսվա ընթացքում իրականացվել է «Մաքուր հրապարակ»-ի 473 գործողություն և «Մաքուր հրապարակ XXL»-ի 9 գործողություն. ձերբակալվել է 7177 մարդ, առգրավվել է 3,6 տոննա թմրանյութ», - նշել է Դարմանենը։
Նրա խոսքով՝ ստուգայցերի ընթացքում առգրավվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 11,3 միլիոն եվրո գումար։ ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ «Մաքուր հրապարակ» գործողությունը կշարունակվի: