«Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելիս տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը»․ Միրզոյան
Ակնհայտորեն՝ ՀՀ-ն սահմանին իրավիճակի սրմամբ շահագրգռված չէ։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով սահմանային վերջին իրավիճակին։
«Դրդել և պատրվակ գտնել նոր էսկալացիաների համար, սադրանք են։ Այս անկանոն կրակոցները մեզ համար անհասկանալի են․ ամբողջ աշխարհին ասում ենք, որ խաղաղություն ենք ուզում կառուցել, ադրբեջանական կողմը հավաստիացնում է, որ իրենք էլ, և հետո այսպիսի միջադեպեր»,- նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի 2 հիմնական հարցում Ադրբեջանի և Հայաստանի պատկերացումները հեռու են միմյանցից՝ տարածքային ամբողջականություն, սահմանազատում և ենթակառուցվածքների ապաշրջափակում։
«Ինձ համար ևս տարօրինակ է, որ երբ ցանկանում ենք պայմանագրի նախագծում հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը»,- նշել է նա։