ՌԴ Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ամբարտակի ճեղքման պատճառով քրեական գործ է հարուցվել
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում ամբարտակի ճեղքման պատճառով քրեական գործ է հարուցել «անվտանգության խախտում» և «անփութություն» հոդվածներով։
Երեկ ուշ երեկոյան Օրսկ քաղաքում ջրամբարից ջրի ռեկորդային քանակի բաց թողնելուց հետո Ուրալ գետի վրա ամբարտակի ճեղքվածք է տեղի ունեցել: Իշխանությունները ջրհեղեղի վտանգի տակ գտնվող շրջանների բնակիչներին խնդրել են շտապ միջոցներ ձեռնարկել տարհանման համար:
Ավելի վաղ Օրենբուրգի մարզի ամբողջ տարածքում սահմանվել է արտակարգ դրություն: Ուրալ գետում ջրի մակարդակը, որի ափերին է գտնվում Օրսկը, կտրուկ բարձրացել է, ինչի կապակցությամբ Իրիկլինսկի ջրամբարից ռեկորդային ջրբացթողում է կատարվել:
Լրատվամիջոցները հայտնում են, որ հեղեղման գոտում չորս մարդու մարմին են գտել։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ երկու մարդու մահը կապված չէ խեղդվելու հետ։ Ջրհեղեղից տուժել է ոչ միայն Օրսկը, այլ նաև Օրենբուրգը։