ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումը առանձնահատուկ էր ՀՀ-ի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից․ Խանդանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ամփոփել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքները։ Խանդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ բարձր մակարդակի հանդիպումը առաջին հերթին առանձնահատուկ էր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և միջազգային հարաբերություններում Հայաստանի՝ դերի և ընկալման տեսանկյունից։
«ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։
ԵՄ-ն և ԱՄՆ-ը ողջունել են Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային համագործակցությունը։
Նախադեպը չունեցող այս հանդիպումը որպես մեկնակետ կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքների համար։
ԵՄ և ԱՄՆ կողմից խոստացված դրամական աջակցությունը կնպաստի մի շարք ոլորտներում Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և հումանիտար խնդիրների հասցեագրմանը»,- գրել է Խանդանյանը։