Նախազգուշական գործողություն է արվել, որը չգիտեմ` ինչ զարգացումներ կունենա. սա գալիս է ոչ թե մեր ժողովրդի, այլ իշխանության թուլությունից. Հակոբ Ավետյան
Սոթքում իրավիճակն այս պահին հանգիստ է, բայց թե հետո ինչ կլինի՝ դժվար է ասել, 168․ am-ի հետ զրույցում ասել է Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Գիշերը, իհարկե, տարբեր ուղղություններով եղել են կրակոցներ, բայց դրանք այդքան վտանգավոր չեն եղել, այսինքն՝ ավելի շատ անկանոն են կրակել՝ «նախազգուշական» գործողություն է արվել, որը չգիտեմ՝ ինչ զարգացումներ կունենա։
Երբ մի բան Ալիևի սրտով չէ, կոպիտ քայլ է անում՝ ուղղված Հայաստանին։ Մեզ դարձրել են թելադրանքները կատարող կողմ, այսինքն՝ թշնամին է թելադրում, և սա գալիս է ոչ թե մեր ժողովրդի, այլ իշխանության թուլությունից։
Կրկնում եմ՝ սա մեր իշխանության թուլության արդյունքն է․ միայն բողոքում է, հակահարված չի տալիս։ Թշնամին իր գործողություններին համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից չի ստանում, դրա համար էլ անվերջ սադրում է»,- նշել է Հակոբ Ավետյանը։
Նրա խոսքով՝ երբ իշխանությունը թշնամու կրակոցների ֆոնին հայտարարում է խաղաղության գնալու մասին, նշանակում է՝ հայ ազգին ներկայացնող անձը թույլ է, չի կարողանում դիմակայել։
«Այս երկրի ղեկավարն իր բոլոր քայլերով ավելի շուտ մեր ազգին ու երկիրն է թուլացնում։ Խոսում են Տավուշից տարածքներ հանձնելու մասին, բայց արդյոք երկրի ղեկավարն ունի՞ երաշխիքներ, որ դրանով խաղաղություն կլինի։ Այսինքն՝ ստացվում է, որ Ալիևը ցանկացած պահի կարող է ասել՝ այս ու այս տարածքները տվեք, թե չէ՝ պատերազմ եմ անելու։
Երկրի ղեկավարը մեր ազգին ստրուկ է դարձնում, և այնքան արտաքին ազդեցությունը չէ մեզ համար վտանգ ներկայացնում, որքան՝ ներքին․ երկրի ներսում են ժողովրդի մեջ վախի մթնոլորտ տարածում»,- հավելել է Ավետյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը, Հակոբ Ավետյանն ասել է, որ նրանց ներկայացուցչության հետ կապված դեռևս որևէ դրական արդյունք չի տեսել, քանի որ դիտորդների ներկայությամբ Ադրբեջանը սադրում է, կրակում, որի արդյունքում հայկական կողմն ունենում է զոհեր, տարածքային կորուստներ։
«Այս պահին, եթե կա որևէ ուժ, որը պետք է կանգնի մեր կողքին, ուրեմն՝ պետք է կանխի նման երևույթները, այլ ոչ թե դրա մասին եզրակացություններ հայտնի։ Լավ է, որ իրենք կան, բայց այս պահին Ադրբեջանի սադրանքներին որևէ կերպ չեն արձագանքել։ Սա նշանակում է, որ կամ բոլորը նախապես տեղյակ էին, որ նման բան պետք է լինի, կամ մեզ համարում են թույլ կողմ ու մտածում են, որ ամեն ինչ կարող ենք տանել։
Եթե ազգը համախմբվի ու աշխարհը տեսնի, որ գործ ունեն ոչ թե ՀՀ թույլ ղեկավարի, այլ բռունցք դարձած ազգի հետ, իրենց ներկայիս դիրքորոշումը կփոխեն»,- եզրափակել է Հակոբ Ավետյանը։