Գուտերեշն անդրադարձել է World Central Kitchen խմբի անդամների սպանության դեպքին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդրադարձել է Իսրայելի կողմից World Central Kitchen խմբի անդամների սպանության դեպքին:
«Այդ ձախողումները շտկելը պահանջում է անկախ հետաքննություն և բովանդակալից ու չափելի փոփոխություններ տեղում: 196 մարդասիրական աշխատող է զոհվել, և մենք ուզում ենք հասկանալ, թե որն է նրանցից յուրաքանչյուրի մահվան պատճառը»,- ասել է Գուտերեշը:
Նա նաև նշել է, որ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ իսրայելական բանակը արհեստական բանականություն է օգտագործում Գազայի հատվածում թիրախներ հայտնաբերելու համար: Իսրայելական կողմը հերքել է այս տեղեկությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ Իսրայելը արագ և արդյունավետ կկազմակերպի օգնության հասանելիությունը Գազայի հատված: Իսրայելը հավանություն է տվել Գազայի հյուսիսում գտնվող Էրեզ անցակետի վերաբացմանը և Իսրայելի հարավում գտնվող Աշդոդ նավահանգստի ժամանակավոր օգտագործմանը: Գուտերեշը նշել է, որ բնակչության կեսից ավելին՝ ավելի քան մեկ միլիոն մարդ, աղետալի սովի է մատնված:
«Գազայում երեխաներն այսօր մահանում են սննդի և ջրի բացակայության պատճառով»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: