Տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ համագյուղացիները կտրել են ընտանեկան գերեզմանոցում տնկված 40 տարեկան եղևնիները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Սարգիս Հ․-ն, ով հայտնել է, որ մարտի 30-ի կեսօրին իր համագյուղացիները՝ 44-ամյա Սարգիս Վ․-ն և 42-ամյա Մյասնիկ Վ․-ն կտրել են իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող իր պապական գերեզմանոցում առկա թվով երկու, մոտ քառասուն տարեկան եղևնիները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ովքեր վնասի չափը պարզում են:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Սարգիս Վ․-ին և Մյասնիկ Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Արմավիրի մարզային քննչական վարչություն։