Ադրբեջանը փորձում է լրացուցիչ զիջումներ պարտադրել՝ տեսնելով, որ ՌԴ-ն դժգոհ է Հայաստանից, Արևմուտքն էլ անվտանգության երաշխիքներ չի տալիս․ քաղաքագետ
Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը դեմ է դուրս եկել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ հարաբերություններ հաստատելով Արևմուտքի հետ, արտաքին քաղաքական կուրս փոխելով դեպի Արևմուտք։ Հասկանալով, որ այս իրավիճակում Հայաստանը տարածաշրջանում միայնակ է մնացել փորձում է իրավիճակի սրման միջոցով լրացուցիչ զիջումներ պարտադրել հայկական պետությանը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանում ադրբեջանական կողմի սադրանքներին։
«Այստեղ ամեն ինչ չափազանց պարզ է․ իրենք քանի օր շարունակ քննադատում էին երեկ տեղի ուենցած Փաշինյան-Ֆոն դեր Լեյեն - Բլինկեն հանդիպումը։ Հիմա էլ տեսնելով, որ այդ քննադատությունների ալիքը ուղղվել է նաև Հայաստանին Ռուսաստանի, Թուրքիայի նաև Իրանի կողմից, Ադրբեջանը հարմար պահ է գտել ևս մեկ անգամ ուժի միջոցով մեզ ինչ-որ բաներ պարտադրելու, ինչ-որ զիջումներ կորզելու»,- կարծիք հայտնեց բանախոսը։
Դիտարկմանը՝ հանդիպումից առաջ դեռևս կային մեղադրանքներ, թե հայկական կողմը կուտակումներ է անում, զինվում է և այլն, դա ինչով էր պայմանավորված, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ մեղադրանքներն էլ էին Բրյուսելյան հանդիպման ֆոնին․
«Այսինքն անընդհատ խոսք էր գնում այն մասին, որ երկիրը դեպի Արևմուտք տանելը հակամարտություն է բերելու տարածաշրջան և Ադրբեջանը հիմա այդ գնահատականները փորձում է ի ցույց դնել՝ լարվածության մեղքը բարդելով և ՛հայկական կողմի, և՛ Արևմուտքի վրա, որոնք իբրև թե այնպես են զինում Հայաստանը, որ եթե հիմա դեմը չառնվի, ուրեմն ամբողջ տարածաշրջանում մեծ պատերազմ է սկսվելու»,- ասաց նա։
Քաղաքագետն ընդգծեց, որ այսեղ հասկանալի է, որ հիմնական պայքարը Հայաստանի տարածքով թուրքական միջանցք ստեղծելու համար է․
«Ռուսաստանը ցանկանում է, որ դա լինի իր վերահսկողության տակ, թուրք-ադրբեջանական դաշինքը վերահսկողություն ընդհանրապես չի ցանկանում տեսնել, Արևմուտքն էլ իր վերահսկողության մեխանիզմներն է փորձում հաստատել։ Այս տեսակետից, հիմա երբ մտերմանում են Հայաստանի իշխանությունների հարաբերություններն Արևմուտքի հետ, կա մտավախություն և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, և՛ Ռուսաստանում, որ կարող է այդ միջանցք կոչվածը հայտնվի արևմտյան վերահսկողության տակ։ Հիմա դրա դեմ է պայքար գնում»։
Տեսակետ կա, որ Բրյուսելյան հանդիպմանն առանձնապես ոչ մի էական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, զուտ տնտեսական ոլորտում տրվող դրամաշնորհի մասին է խոսքը, ինչն էլ էական նշանակություն ունենալ չի կարող հենց տնտեսության համար և որ նաև հումանիտար աջակցության մասին է խոսվել։ Այդ դեպքում անհասկանալի է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի և թե տարածաշրջանի այլ պետությունների ակնարկները, որ վեկտոր ենք փոխում, նա պատասխանեց․
«Սկսենք նրանից որ մամլո հաղորդագրության մեջ տարածվածը կարող է լիարժեք չարտահայտել իրական պայմանավորվածությունների մասշտաբները, այսինքն ինչ-որ բան հայտարարում են բայց գործընթացը խորքային շատ ավելի մեծ հեռանկարներ ու հեռուն գնացող նպատակներ է իր մեջ պարունակում։
Վստահ եմ դրա մասին մենք կտեսնենք առաջիկա զարգացումներին և կհասկանանք՝ էլ ինչ են խոսել, որը չի հայտարարվել։ Բայց այն ինչ-որ կա մամուլում, դա ամբողջը չէ և, բնականաբար, մեր հարևան երկրները գիտեն, որ դա չէ ամբողջը իրենք բոլորն աշխատում են, տեղեկացված են և այս իմաստով, ավելի քան համոզված եմ, որ մտահոգվելու տեղ իրականում ունեն իրենց շահերի տեսակետից ելնելով»։
Քաղաքագետի խոսքով՝ մյուս կողմից էլ հիմա պարզ ցույց է տրվում մեր ժողովրդին, ընդ որում նաև Արևմուտքի կողմից, որ անվտանգային երաշխիքներ ամեն դեպքում մեզ չեն տրվելու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։