Մեքսիկան Էկվադորում իր դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո կդիմի Արդարադատության միջազգային դատարան
Մեքսիկայի կառավարությունը կդիմի Արդարադատության միջազգային դատարան՝ Էկվադորի ոստիկանության կողմից Կիտոյում իր դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը դատապարտելու նպատակով։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մեքսիկայի արտգործնախարար Ալիսիա Բարսենան։
Ավելի վաղ ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Էկվադորում մեքսիկացի դիվանագետները վիրավորվել են դեսպանատան գրոհի ժամանակ, երբ տեղի անվտանգության ուժերը ներխուժել են դեսպանատան շենք՝ ձերբակալելու թաքնված Էկվադորի նախկին փոխնախագահ Խորխե Գլասին։
«Մեքսիկան կդիմի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատապարտել Էկվադորին միջազգային իրավունքի խախտման համար», - ասել է Բարսենան։
Նախարարի խոսքով՝ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ խորհրդակցելուց հետո և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, մասնավորապես՝ Մեքսիկայի դիվանագիտական տարածքների և անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքի կոպտագույն խախտման պայմաններում Մեքսիկան անմիջապես խզում է դիվանագիտական հարաբերությունները Էկվադորի հետ։
«Էկվադորում գտնվող մեքսիկական դիվանագիտական անձնակազմն անմիջապես կլքի այդ երկիրը: Մեքսիկան հուսով է, որ Էկվադորը կտրամադրի անհրաժեշտ երաշխիքներ՝ մեքսիկացի անձնակազմի հեռանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։