ԱԳ փոխնախարարը ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ երևանյան գերասենյակի ղեկավար նշանակելու մասին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու շարունակական բարեփոխումների նպատակով ՀՀ իրավասու գերատեսչությունների և կառույցների հետ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունը նոր թափով կզարգանա:
Պարույր Հովհաննիսյանը գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի սերտ և դրական արդյունքներ արձանագրող համագործակցության առնչությամբ՝ կարևորելով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշելով, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող կենսագործմանը՝ ի նպաստ ՀՀ-ում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության առաջխաղացման:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ՄԻԵԴ և ԵԽ կանոնադրական մարմինների արձագանքներն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանային մարտահրավերների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը:
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: