ՏԿԵ նախարարին է ներկայացվել «Հյուսիս-Հարավ»-ի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ – Թալին, Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածի, ինչպես նաև Աշտարակ-Թալին շուրջ 34 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ շրջայցին մասնակցել է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետեր Թովմաս Շահվերդյանն ու Տավրոս Սափեյանը։
Տեղում նախարարին են ներկայացվել կատարված աշխատանքները, ժամկետները։ Ագարակը շրջանցող 8 կմ երկարությամբ հատվածում, ինչպես նաև 34 կմ երկարությամբ Աշտարակ-Թալին հատվածում իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոնց տեմպն ու որակը, նախարար Սանոսյանի խոսքով, գոհացնող է։
«Առաջին հատվածում ունենք ժամանակից մի փոքր շեղում, բայց դա ընթացքում կկարգավորվի, իսկ երկրորդ հատվածում աշխատանքներն իրականացվում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ունենք հատվածներ, որտեղ նույնիսկ ընդհանուր աշխատանքները որոշակի առաջանցիկ տեմպով են ընթանում։ Որախալի է, որ երկու հատվածներում էլ հիմնականում աշխատում են հայկական ընկերություններ և հայ մասնագետներ, թեև կան նաև այլ երկրներից ժամանած ենթակապալառուներ»,- շրջայցից հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է նախարարը։
Ակտիվ շինաշխատանքներ են ընթանում նաև Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացված են կամուրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4 կմ հատվածում իրականացվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։