Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Դամասկոսում հարվածի համար Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն ընդունվել է
Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված հարվածի համար Իսրայելից վրեժ լուծելու որոշումն արդեն ընդունվել է, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար և Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի գործող ղեկավար գեներալ Մոհսեն Ռեզային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Վրեժ լուծելու որոշումն ընդունված է, և այն անպայման կիրականացվի․․․․ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այս որոշումը սիոնիստական ռեժիմին կստիպի զղջալ», - ասել է նա Երուսաղեմի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։
Իրանի 2000 քաղաքներում հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնիի կողմից ի նշան Պաղեստինի հետ համերաշխության սահմանած տոնի կապակցությամբ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային» կարգախոսներով։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։