8,6 մլն դոլար՝ ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կենտրոնացած է Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդման, պարենային անվտանգության կայունացման վրա։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։
«8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հնարավորությունները: Բացի այդ, չնախատեսված հանգամանքների դեպքում պլանավորումը թույլ կտա Հայաստանին համակարգված արձագանքել մատակարարումների խափանումներին՝ միաժամանակ բարձրացնելով էներգաարդյունավետությունը:
Այս ֆինանսավորումը նաև կամրապնդի Հայաստանի ՝ կիբերանվտանգության ոլորտում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական խոցելիություններն ավելի լավ հաղթահարելու ունակությունը»,-ասաց ՄըքՔին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը՝ աջակցելով հացահատիկի արտադրության և պահպանման ծավալների մեծացմանն ուղղված հայ ֆերմերների ջանքերին:
«Առաջիկա 6 միլիոն դոլար արժողությամբ պարենային անվտանգության ծրագիրը կբարձրացնի հիմնական մշակաբույսերի արտադրողականությունը՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները: Դա արվելու է Հայաստանի պարենային համակարգի արդիականացման միջոցով, և մենք կարող ենք ավելացնել ներքին արտադրությունը և նվազեցնել կախվածությունը ներմուծումից»,- նշեց ՄըքՔին։
Նա նաև ավելացրեց, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել անհրաժեշտ բարեփոխումներին և կառավարության կարողությունների ամրապնդմանը:
«Թվային ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված աշխատանքը կարդիականացնի և կընդլայնի Հայաստանի մոտեցումը պետական կառավարման, առևտրի դիվերսիֆիկացման և տնտեսական ինտեգրման նկատմամբ: Բայց ամենակարևորը՝ մենք կենտրոնացած ենք Հայաստանի ժողովրդի մարդկային արժանապատվությունը որպես գլխավոր առաջնահերթություն պահպանելու վրա»,- եզրափակեց ՄըքՔին։