Կենտրոնի ֆինանսական գործունեությունը թափանցիկ է․ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է տարածել
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի «1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին» վերնագրով նյութն։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։
««Ժողովուրդ» օրաթերթում (02.04.24) և armlur.am լրատվական կայքում հրապարակված «1 օրում 2 դրամաշնորհ՝ «ֆեյքերի» ՊՈԱԿ-ին» վերնագրով նյութի հետ կապված`
Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և չի իրականացրել կեղծ օգտահաշիվներ ունենալու, դրանցով գործողություններ իրականացնելու հանձնարարություններ ու երբևէ չի զբաղվել վերոնշյալ արատավոր գործունեությամբ։ Նշված նյութում նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ ու աշխատանքներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների ու լրատվամիջոցների համար։ Դրանց կարելի է ծանոթանալ iprc.am, orbeli.am, irazekum.am կայքերում։
Կենտրոնի ֆինանսական գործունեությունը նույնպես թափանցիկ է, ֆինանսավորումն իրականացվում է պետբյուջեի համապատասխան միջոցառումների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքվող դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա, որոնց համապատասխան ներկայացվում են անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները, իսկ գնումների գործառնությունները ևս օրենքի պահանջներին համապատասխան ամբողջությամբ հրապարակվում են»։