ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը պահանջել է պատասխանատվության ենթարկել Իսրայելին՝ հնարավոր պատերազմական հանցագործությունների համար
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Իսրայելին՝ Գազայի հատվածում հնարավոր պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Իսրայելը բանաձևն անվանել է «խեղաթյուրված տեքստ»։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բանաձևին կողմ է քվեարկել 28 երկիր, 13 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ 6 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Գերմանիան, դեմ են եղել բանաձևի ընդունմանը։
Բանաձևն ընդգծել է «միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի բոլոր խախտումների համար պատասխանատվություն ապահովելու անհրաժեշտությունը՝ անպատժելիությանը վերջ տալու համար»:
Փաստաթղթով նաև «խիստ մտահոգություն է արտահայտվել մարդու իրավունքների լուրջ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում՝ օկուպացված Պաղեստինի տարածքում հնարավոր պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Մեյրավ Էյլոն Շահարը խորհրդին մեղադրել է Իսրայելի ժողովրդին «վաղուց լքած լինելու և ՀԱՄԱՍ-ին վաղուց պաշտպանելու» մեջ։
«Ըստ այսօրվա բանաձևի՝ Իսրայելն իրավունք չունի պաշտպանելու իր ժողովրդին, իսկ ՀԱՄԱՍ-ն ունի բոլոր իրավունքները՝ սպանելու և տանջելու անմեղ իսրայելցիներին», - ասել է նա քվեարկությունից առաջ։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, քանի որ բանաձևը չի դատապարտում ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Միշել Թեյլորը միևնույն ժամանակ նշել է, որ Իսրայելը բավարար միջոցներ չի ձեռնարկում քաղաքացիական անձանց հասցվող վնասը մեղմելու համար։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, որը հավաքվում է տարվա ընթացքում մի քանի անգամ, միակ միջկառավարական մարմինն է, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: