Մշակույթի ոլորտում կարևորում ենք ներառականությունը. Դանիել Դանիելյանն այցելել է «Ճախրուկ» մշակութային կենտրոն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նկատելով, որ արդեն 3 տարի է՝ կենտրոնն անցկացնում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որն այս տարի նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
ԿԳՄՍ փոխնախարարը «Ճախրուկ» միջազգային փառատոնի հիմնադիրների՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների հետ քննարկել է փառատոնի ծրագրի կազմակերպման վերաբերյալ հարցեր: Նախարարի տեղակալին ներկայացվել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեությունը, իրականացվող միջոցառումները և առաջիկա ծրագրերը:
«Մենք այսօր գնում ենք համընդհանուր ներառականության ճանապարհով և շատ ենք կարևորում ներառականությունը նաև մշակույթում: Այս առումով ձեր ծավալած գործունեությունը խրախուսելի է նաև պետության կողմից: Որպես առաջնահերթություն՝ մենք պատրաստակամ ենք աջակցելու նման ծրագրերին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Փառատոնին մասնակցում է մշակութային կենտրոնում գործող «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որում նվագում և երգում են մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաները: Նրանք հանդես են եկել երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով իրենց հմտությունները: Դանիել Դանիելյանը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով և մասնակցել կատարումներին:
Միջոցառումից հետո Դանիել Դանիելյանը Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է հաստատությունում, ծանոթացել պայմաններին և զրուցել աշխատակազմի հետ: