Շվեյցարիան համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը, որը զբաղվելու է միջազգային կազմակերպությունների հետ կապերով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։
«Շվեյցարիան ՆԱՏՕ-ից 2023 թ. վերջին պաշտոնական խնդրանք է ստացել կապի գրասենյակ բացելու համար, - նշել է նա։ - Դաշնային խորհուրդն սկզբունքային համաձայնություն է տվել նման գրասենյակի բացմանը, և ԱԳՆ-ն պատասխանատու է հաջորդ քայլերի մշակման համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում։ Բացման ժամկետի մասին տեղեկությունը լրացուցիչ կհաղորդվի»:
Բեռնը համարում է, որ «նման գրասենյակը պաշտոնական Շվեյցարիայի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի երկկողմ գրասենյակ չէ, այլ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ Ժնևում տեղակայված միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ»։
«Դաշինքն արդեն կապի երկու նման գրասենյակ ունի Նյու Յորքում և Վիեննայում, - հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը: - Դրանք նպաստում են տեղական միջազգային կազմակերպությունների հետ Դաշինքի հարաբերությունների զարգացմանը և հետևում իրադարձություններին բազմակողմ մակարդակով»:
Ժնևի գրասենյակը «հետևելու է նույն բազմակողմ տրամաբանությանը»։ Իր հերթին, Շվեյցարիան կշարունակի ՆԱՏՕ-ի հետ շփումը Բրյուսելում իր ներկայացուցչի միջոցով։
Ժնևում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակ ստեղծելու գաղափարը 2023 թ. մարտին ողջունել էր Կանտոնների խորհրդի՝ Շվեյցարիայի խորհրդարանի փոքր պալատի անվտանգության քաղաքականության հանձնաժողովը։