ՀՀ ՔԿ-ում կազմակերպվել է 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025-ի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում
ՀՀ քննչական կոմիտեում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում:
Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ից, կոմիտեի գլխավոր քարտուղար Կ. Մարգարյանը ներկայացրել է քննարկվող փաստաթղթերի նախագծերը` ընդգծելով, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի մեջ ներառված են յոթ առանձին միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում», «ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցների բարելավում», «ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում»:
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2025 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող հիշյալ միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը նախնական տարբերակով կազմում է շուրջ 20.6 մլրդ դրամ, որը 3.1 մլրդ դրամով աճել է 2024 թվականի համար հատկացված 17.5 մլրդ դրամի համեմատ։ Աճը պայմանավորված է ընթացիկ տարվա հունվարից Կոմիտեի կազմում նոր ձևավորված Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության հաստիքների ավելացմամբ և համակարգի շենքային պայմանների բարելավմանն ուղղված հրատապ ծրագրի ավելացմամբ:
Հանրային քննարկման օրակարգային հարցերի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կ. Սահակյանն անդրադարձ է կատարել կառույցի 2025 թվականի տարեկան բյուջետային հայտի և 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման համար հիմք հանդիսացող ոչ ֆինանսական մի շարք ցուցանիշների։ Մասնավորապես, նա ներկայացրել է քրեական վարույթներին, կառույցի կողմից մշակվելիք իրավական ակտերին, քննիչների միջին ծանրաբեռնվածությանը վերաբերող որոշ ընդհանրական վիճակագրական տվյալներ, ինչպես նաև մանրամասնել նախաքննական մարմնի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:
Կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից նախանշվել են նաև հիշյալ միջոցառումների ներքո իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները և վերջիններիս մասով կանխատեսվող արդյունքային ցուցանիշները:
Հանդիպմանը մասնակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ ֆինանսա-բյուջետային գործառույթների արդյունավետության բարձրացման և տվյալ ասպարեզում շարունակաբար նոր ու արդիական գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ: