Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Ապրիլի 3-ին Բելգրադում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Գորան Ալեքսիչը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման կարևորությանը։
Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին ընդունել է նաև Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը։