Լատվիան պլանավորում է Ուկրաինա ուղարկել ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը
Լատվիան առաջիկայում պլանավորում է Ուկրաինա ուղարկել երկրում արտադրված 1 մլն եվրո արժողությամբ անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը: Ինչպես տեղեկացնում են «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինիան։
«Մենք աշխատում ենք Լատվիայում անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա, որպեսզի հետագայում դրանք կարելի լինի ուղարկել Ուկրաինային աջակցության համար: Եվ արդեն շուտով մենք պլանավորում ենք Ուկրաինա ուղարկել 1 միլիոն եվրո արժողությամբ առաջին անօդաչու սարքերը: Անօդաչուներն ստուգվել են, մեր ուկրաինացի գործընկերներն ընդունել են, որ դրանք լավ են գործում մարտի ժամանակ», - ասել է Սիլինիան իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ անցկացված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ 2024 թ. Լատվիան պլանավորել է 9 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու համար։
Բացի այդ, Սիլինիան հայտնել է, որ Լատվիայի բաժինն Ուկրաինային զինամթերք մատակարարելու՝ Չեխիայի նախաձեռնության մեջ կկազմի 10 մլն եվրո, իսկ, ընդհանուր առմամբ, 2024 թ. Ռիգան Ուկրաինային աջակցության համար կհատկացնի ՀՆԱ-ի 0,25 տոկոսը։