Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Հայաստանին աջակցելու հարցում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերի համատեղումն է․ Օլիվիե Դըկոտինյի
Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Այս հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է և այս հարցում Եվրամիության ու Միացյալ Նահանգների ջանքերը համատեղելը, ինչպես նաև հիշեցնելու համար այն որոշումները, որոնք կայացվել են այն ժամանակ, երբ Հայաստանը դիմակայում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հոսքին, և որ փախստականներին ընդունելու մարտահրավերները դեռևս զգալի են երկրի համար»,- ասել է դեսպանը։
Հարցին, թե ի՞նչ օգնության մասին է լինելու խոսքը, դեսպանը պատասխանել է․
«Հանդիպումը կազմակերպում են Միացյալ Նահանգները և Եվրոպական հանձնաժողովը, որի անդամ պետությունները, ինչպես Ֆրանսիան, ուղղակիորեն մասնակցում են։ Կարծում եմ, որ հանդիպմանը չեն քննարկվելու անվտանգային հարցեր։ Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այց կատարեց Փարիզ, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ արդյունքների, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- նշել է Դըկոտինյին։