Երուսաղեմի ոստիկանները բռնի գործողություն են իրականացրել հայ հոգևորականների ու տեղացի հայերի նկատմամբ. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Իսրայելի ոստիկանության ապօրինի գործողությունների մասին: Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 3-ին՝ մոտավորապես ժամը 11-ին, իսրայելցի ոստիկանները՝ Ասաֆ Հարել անունով սպայի գլխավորությամբ, հարձակվել են հոգևորականների ու տեղացի հայերի վրա, ոչնչացրել են պատրիարքարանի գույքը:
Երբ ոստիկաններից հոգևորականներին և հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը փչացնելու մասին արտոնագիր կամ դատարանի որոշում են պահանջել, իրավապահները նման փաստաթղթեր չեն ներկայացրել և հայտարարել են, որ եկել են պաշտպանելու «Կովերի պարտեզի» ներկայացուցիչների իրավունքները:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ քաղաքի չորս թաղամասերից մեկի վերահսկողն են և Իսրայելի իշխանություններից ու ոստիկանությունից ակնկալում են ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ և ամբողջական պատշաճ գործընթաց:
«Աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: Մենք պետք է շարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և պետք է ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը հրավիրենք խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: