ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային 100 մլրդ դոլարի օգնության փաթեթի տրամադրման առաջարկը
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կքննարկեն դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Ուկրաինային 100 մլրդ դոլարի օգնության փաթեթի տրամադրման առաջարկը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին նիստից առաջ հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:
«Ստոլտենբերգն առաջարկել է առաջիկա հինգ տարիների համար կազմել 100 մլրդ դոլարի փաթեթ: Մենք կվերլուծենք այդ առաջարկի իրագործելիությունը: Այս պահին որոշումներ չեն ընդունվի: Խոսքը Վաշինգտոնում գագաթնաժողովին նախապատրաստվելու մասին է, որը տեղի կունենա հուլիսին»,- ասել է նա։
Լահբիբը նշել է, որ այս փաթեթը բարեգործություն չէ, այլ ներդրում է Արևմուտքի անվտանգությունը ապահովելու մեջ: Նախարարի կարծիքով՝ Ուկրաինային տրամադրվող օգնությունը պետք է լավագույնս համակարգված լինի:
«Այս փաթեթում ներդրումները հաշվարկվելու են ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկրի ՀՆԱ-ի հիման վրա: Մենք այստեղ ենք, որպեսզի քննարկենք բոլոր տարբերակներն և հասկանանք, թե ինչ կարելի է առաջարկել»,- ասել է Բելգիայի ԱԳ նախարարը։