Երեւանի ու Բաքվի միջեւ տարածքային վեճերը եւ փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճերը եւ միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։
Զախարովան այդ մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
«Կարող եմ ասել, որ բոլոր տարածքային վեճերը եւ փոխադարձ պահանջները Երեւանի ու Բաքվի միջեւ պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ երկկողմ հանձնաժողովների գործունեության շրջանակներում։ Մենք պատրաստ ենք ունենալ մեր դերակատարությունը։ Կարծում ենք, որ վաղուց ժամանակն է վերականգնելու եռակողմ մեխանիզմի աշխատանքը: Կոչ ենք անում մեր գործընկերներին քաղաքական կամք դրսեւորել՝ վերականգնելով շփումները, որոնց շրջանակում Ռուսաստանի կողմից նախանշվում էին մի շարք հարցերի լուծման ուղիները, ներառյալ՝ սահմանի դելիմիտացիան, տարածաշրջանում տրասնպորտային երթուղիների գործարկումը, խաղաղության պայմանագրի մշակումը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կրկին քննադատության է ենթարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ և ԱՄՆ միջնորդական ջանքերը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության եւ զարգացման հասնելու նպատակով ՌԴ կողմից արված առաջարկներն ավելի առարկայական են և շարունակում են մնալ բանակցությունների սեղանին։