Բոտսվանան սպառնացել է 20 000 փիղ ուղարկել Գերմանիա
Բոտսվանայի նախագահ Մոկգվտիսի Մասիսին սպառնացել է 20 հազար փիղ ուղարկել Գերմանիա՝ կենդանիների պահպանության հետ կապված անհամաձայնության պատճառով։ Գերմանիայի բնապահպանության նախարարն ավելի վաղ առաջարկել էր ավելի խիստ սահմանափակումներ մտցնել որսորդական ավարների ներմուծման նկատմամբ, հայտնում է BBC-ն։
Բոտսվանայի նախագահը գերմանական լրատվամիջոցներին ասել է, որ երկրի ժողովուրդն այդ սահմանափակումներից ավելի կաղքատանա։ Նա ասել է, որ կենդանիների պահպանության ջանքերի պատճառով փղերի թիվը մեծապես աճել է, իսկ նրանց որսը թույլ էր տալիս զսպել այդ աճը։
Ներկայում Բոտսվանայի տարածքում վայրի բնության պայմաններում բնակվում է 130 հազար փիղ՝ աշխարհում փղերի պոպուլյացիայի մեկ երրորդը: Կենդանիները խնդիրներ են առաջացնում Բոտսվանայի գյուղատնտեսության համար, քանի որ ոչնչացնում են ցանքատարածությունները, ինչպես նաև ոտնակոխ են անում բազմաթիվ բնակիչների:
Բոտսվանան արդեն մոտ 8000 փիղ է հանձնել հարևան Անգոլային և նույնքան էլ առաջարկել է Մոզամբիկին՝ նրանց պոպուլյացիան կրճատելու համար։
«Մենք կցանկանայինք նման նվեր մատուցել Գերմանիային»,- հայտարարել է Մասիսին՝ հավելելով, որ դա կատակ չէ, և որ ինքը «ոչ»-ը չի ընդունի որպես պատասխան։
Նա գերմանական Bild հրատարակությանն ասել է, որ գերմանացիները պետք է ապրեն կենդանիների հետ այնպես, «ինչպես դուք փորձում եք դա սովորեցնել մեզ»։
Գերմանիան փղերի որսի ավարների և, ընդհանրապես, որսորդական ավարների ամենամեծ ներմուծողն է Եվրամիությունում։ Ավստրալիան, Ֆրանսիան և Բելգիան այն երկրների շարքում են, որոնք արգելել են որսորդական ավարների առևտուրը։
Բոտսվանան, ինչպես և Աֆրիկայի մյուս երկրները, ամեն տարի կազմակերպում է փղերի որսի արտոնագրերի միջազգային աճուրդ։ Փղերի որսի թույլտվությունների թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Դրանցից յուրաքանչյուրի գինը մոտ 40 հազար դոլար է։