Երբ աշխատանքդ սիրով ու նվիրումով ես կատարում, գնահատականը երբեք չի ուշանա. անչափահասների գործերով լավագույն տեսուչ
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում առավոտյան խորհրդակցություն է։ Ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Նազարյանը համապատասխան հանձնարարականը ստանալուց հետո շտապում է Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց՝ աշակերտների հետ հերթական իրազեկման դասընթացն անցկացնելու։
Անի Նազարյանը ճանաչվել է 2023 թ. անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի լավագույն տեսուչ։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ Անին միշտ սպասված է, դպրոց գալիս է ոչ թե որպես տեսուչ, այլ երեխաների ընկեր, ուսուցիչ ու պաշտպան։
Դասի ընթացքում աշակերտները համակ ուշադրությամբ լսեցին, հարցեր ուղղեցին, կիսվեցին իրենց կարծիքներով։ Դասամիջոցի զանգը ոչ մեկին չմտահոգեց. զրույցը սովորականից երկար տևեց՝ ասելիքը շատ էր։ Դասի ավարտին էլ երեխաները շտապեցին կիսվել իրենց տպավորություններով։
Անի Նազարյանը սպասարկում է Արմավիրի մարզի 11 դպրոց, որտեղ սովորում են ավելի քան 2000 աշակերտ։ Մեր այն հարցին, թե ինչու ընտրեց ոստիկանի մասնագիտությունը, Անին ասում է՝ մանկուց է սիրել համազգեստը, իսկ կրթությամբ մանկավարժ լինելն օգնում է երեխաների հետ աշխատելիս։
Դպրոց այցից հետո մեկ այլ ահազանգ՝ այս անգամ ընտանեկան բռնության հետքերով: Անին շտապում է դեպքի վայր՝ պարզելու հանգամանքները։
Անիի ղեկավարության խոսքով՝ նա ունի դրական ծառայողական բնութագիր, վայելում է անձնակազմի հարգանքը, բանիմաց է:
Ոստիկանության մայոր Նարեկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ Անի Նազարյանը մեծ աշխատանք է կատարում նաև մուրացիկ, թափառաշրջիկ երեխաների հետ՝ իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ: Իր կատարած աշխատանքի մասին Անին երկար խոսել չցանկացավ. ասում է՝ չեմ սիրում ինքս ինձ գնահատել, միայն պատմեց, թե ինչպես է իմացել, որ ընտրվել է նախորդ տարվա անչափահասների գործերով լավագույն տեսուչ:
Անի Նազարյանն իր բարեխիղճ ծառայությամբ ապացուցում է՝ երբ աշխատանքդ սիրով ու նվիրումով ես կատարում, առանց գնահատականի ակնկալիքի, գնահատականը երբեք չի ուշանում:
Մանրամասները՝ տեսանյութում: