Դիլիջանի «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել
Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում՝ «Mobile Centre» բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութում, ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:
Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածների ինքնությունը:
Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ մահացած կինը «Յունիբանկ»-ի աշխատակից էր։ Նա գտնվում էր «Mobile Centre»-ում, երբ իրեն
է մոտեցել քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել։ Վերջինս մեղադրել է կնոջն իր ընտանիքը քանդելու համար, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան եղել:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է: