Բացահայտվել է Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. Ուկրաինայի երկու քաղաքացի կալանավորվել է
ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են՝ 2024 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում նշված վայրում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է, և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ նշված փաթեթներից երկուսի պարունակությունը մեթադոն տեսակի թմրամիջոց է:
Օտարերկրացիների կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ, որը, ինչպես պարզվել է, ձերբակալվածներից մեկի կողմից վարձակալվել է, հայտնաբերվել է ևս 10 հատ դեղին, 10 հատ կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթաթված և 10 հատ ստվարաթղթե փաթեթներ: Վերջիններիս պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։
Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած անձը նախնական համաձայնության է եկել վերոհիշյալ իր ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով, նրանք ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երևան քաղաքի Արին Բերդի փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ մեթադոն տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: