Թայվանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ)
Թայվանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Սա կղզուն հարվածած ամենահզոր երկրաշարժն է վերջին 25 տարվա ընթացքում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Թայվանի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ առնվազն 26 շենք է փլուզվել, որոնց կեսից ավելին՝ արևելյան Հուալյան շրջանում, որտեղ էլ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնը։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Շուրջ 20 մարդ դեռ փլատակներում է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ հարավային Օկինավա պրեֆեկտուրային են հասել ցունամիի փոքր ալիքներ, որոնց հզորությունն աստիճանաբար նվազել է։ Ճապոնիայի հարավում և Ֆիլիպիններում ցունամիի վտանգ է հայտարարվել, որն այնուհետև չեղարկվել է։ Թայվանը նույնպես ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ դրա վտանգն անցել է։
Ճապոնիայի սեյսմոլոգիական ծառայությունը ցնցումների ուժգնությունը գնահատել է 7,7 մագնիտուդ, ԱՄՆ-ինը՝ 7,4:
Երկրաշարժին հաջորդել է առնվազն 25 հետցնցում։ Ըստ Չինաստանի կենտրոնական լրատվամիջոցի՝ ցնցումները զգացվել են երկրի Ֆուցզյան նահանգում։
Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։ 7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։