ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին
Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում է սովի շեմին, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է մնացել 2023 թվականի աշնանը սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։
«Գազայի բնակչության կեսից ավելին սովի շեմին է, և ամբողջ բնակչությունը զգում է սննդի սուր պակաս և թերսնուցում: Ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց տների, իսկ բնակչության 75%-ը դարձել է ներքին տեղահանված»,- ասված է փաստաթղթում։
Զեկույցում ընդգծվում է, որ Գազայում ընթացող մարտերի աղետալի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները ամենաշատը հարվածել են կանանց, ծերերին և երեխաներին։ Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ վերջիններս կբախվեն ներկայիս հակամարտության ցմահ հետևանքներին։