Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել սիրիական զորքերի դիրքերին Դերաայի նահանգում. ԶԼՄ-ներ
Իսրայելի ռազմաօդային ուժերն, ըստ տարբեր լրատվամիջոցների, գրոհել են սիրիացի զինվորականների դիրքերը Յարմուք գետի սահմանային գոտում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Al Mayadeen հեռուստաալիքի տեղեկատվության՝ ցամաքային թիրախներին հարվածներ են հասցվել Դերաայի նահանգային կենտրոնից (Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա) դեպի արևմուտք։
Օդային հարվածից առաջ, ըստ հրապարակման, Իսրայելի օդային տարածք է ներխուժել անօդաչու թռչող սարք, որն արձակել են շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալները Սիրիայի հարավից դեպի օկուպացված Գոլանի բարձունքներ:
Ըստ Al Modon լրատվական հարթակի տվյալների՝ ևս մեկ կամիկաձե անօդաչու թռչող սարք է խոցվել Սիրիայի արևելքում՝ սահմանամերձ Էթ Թանֆի շրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանի օդային տարածքում: