Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված և խոցելի. ՀՀ ԱԺ պատգամավորները` Ճապոնիայի դեսպանին
Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում` Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը շնորհավորել է Աոկի Յուտակային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել մինչ օրս ամենատարբեր ուղղություններով Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:
«Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆինանսական, սոցիալական, տեխնիկական աջակցությանը, այլ նաև արտաքին քաղաքականության բնագավառում Ճապոնիայի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշմանը»,- նշել է Բաբկեն Թունյանը:
Բարեկամական խմբի անդամները, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ընդգծել են, որ այն շարունակում է մնալ լարված և խոցելի: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է գերի պահել մեր հայրենակիցներին, ՀՀ ինքնիշխան տարածքի զգալի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, չի դադարում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:
Ընդգծելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը` բարեկամական խմբի անդամները նշել են, որ այդ նպատակին հասնելու համար կարևոր է գործընկեր երկրների աջակցությունը, ինչպես նաև թիրախային հայտարարությունները և քայլերը` զսպելու Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի հավակնությունները:
Պատգամավորները բարձր են գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակիցներին Ճապոնիայի ցուցաբերած աջակցությունը: Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ տնտեսական համագործակցության հարցում առկա է չիրացված ներուժ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ Ճապոնիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, հայ-ադրբեջանական բանակցություններին:
Աոկի Յուտակայի խոսքով` Ճապոնիան բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը և պատրաստ է աջակցել դրանց: Կողմերը միակարծիք են եղել, որ թե' Ճապոնիան և թե' Հայաստանը կիսում են ընդհանուր արժեքներ` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն: