Ավազակություն մայրաքաղաքի Պռոշյան փողոցում. հետախուզվում է Հովհաննես Հակոբյանը
Մարտի 21-ի ժամը 11.26-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը անցորդի պայուսակը գողացել և դիմել է փախուստի։ Ահազանգողը հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել ու նկատել է, որ փախչողի մոտից զենք է ընկել։
Հաջորդ ահազանգը ստացվել էր րոպեներ անց։ Տուժող 60-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ Պռոշյան 2 հասցեի մոտ անհայտ անձը ատրճանակի բռնակով հարվածել է իր գլխին և հափշտակել բանկային քարտ ու գումար։ Իրավապահներն անմիջապես մեկնել էին դեպքի վայր։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ անհետաձգելի գործություններ։
Արաբկիր քննչական բաժնում ավազակության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1999 թվականին ծնված Հովհաննես Հակոբյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հովհաննես Հակոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արաբկիրի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: