Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 123,7 տոկոսով, բացահայտման ցուցանիշը նվազել է
Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 5070՝ նախորդ տարվա 2266-ի դիմաց։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 1771-ով կամ 171.8 տոկոսով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։
Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է և կազմել 17.5 տոկոս՝ նախորդ տարվա 37,9 տոկոսի դիմաց։ Նույն ժամանակահատվածում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 10,5 տոկոս՝ նախորդ տարվա 17,6 տոկոսի դիմաց:
«Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, նշված հանցատեսակի տարածվածության, դեպքերի հայտնաբերելիության, բացահայտման վիճակագրության արձանագրված ցուցանիշները՝ կայուն աճի տեսանկյունից, պայմանավորված են ինչպես քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքերում դրանք իրացնելու փաստով քրեական վարույթներ նախաձեռնելու ձևավորված պրակտիկայի առկայությամբ, այնպես էլ սոցիալական կայքերի, համացանցային հեռահաղորդակցության համակարգերի օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտմանը խոչընդոտող մի շարք գործոններով: Սակայն հարկ է նշել նաև, որ նույնիսկ արձանագրված դեպքերի, նախաձեռնված վարույթների նման աճի պայմաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության գրանցված դեպքերի քանակը չի արտացոլում իրական պատկերը:
Նշված վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 կամ նույնիսկ 300 տոկոսը։ Մարզերում, ի տարբերություն Երևան քաղաքի, դեպքերը համեմատաբար քիչ են, ինչը պայմանավորված է առավելապես բնակչության թվակազմով և կենտրոնացվածությամբ»,- նշված է գլխավոր դատախազության հաղորդման մեջ։
Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ նշված վիճակագրական տվյալները վկայում են, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ «Բացահայտման առումով խիստ մտահոգիչ արդյունքներ են գրանցվել հատկապես Գեղարքունիքի մարզում․ 2022 թվականին գրանցվել է բացահայտման 88.2 տոկոս, 2023 թվականին՝ 20.5 տոկոս, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100 տոկոսանոց արդյունք)։ Վայոց ձորի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 75 տոկոս արդյունք, 2023 թվականին՝ 22,2 տոկոս, իսկ 2021 թվականին գրանցվել է բացահայտման 100 տոկոսանոց արդյունք։ Տավուշի մարզում 2022 թվականին գրանցվել է բացահայտման 100 տոկոսանոց արդյունք, 2023 թվականին՝ 50 տոկոս»,- ասված է գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։