Ղազախստանում հեղեղումների գոտուց ԱԻՆ-ը տարհանել է ավելի քան 7 հազար 700 մարդու, որից 2 հազար 800-ը՝ երեխա
Ղազախստանի մի շարք շրջաններում ջրհեղեղների սկսվելուց ի վեր քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կողմից փրկվել և տարհանվել է 7 հազար 783 մարդ, որից 2 հազար 800-ը՝ երեխա:
Այս մասին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ ժամանակավոր տեղավորման կետերում գտնվում է 3 հազար 131 մարդ, որից 1093-ը ՝ երեխա։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ներկայում վթարափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 6 հազար մարդ, 3 հազար միավոր տեխնիկա և ԱԻՆ, ՊՆ, ԱԱԾ և Ազգային գվարդիայի 12 ինքնաթիռ:
ԱԻՆ-ի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և Ազգային գվարդիայի օդանավերի կողմից փրկվել է 644 մարդ, որոնցից 236-ը երեխաներ են:
Ըստ գերատեսչության մամուլի ծառայության, հանրապետության 6 մարզում հոգեբանական և տեղեկատվական աջակցություն և օգնություն ցուցաբերելու նպատակով շուրջօրյա գործում են ԱԻՆ թեժ գծերի հեռախոսահամարները:
Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ավելի վաղ նշել էր, որ ամենաշատ տուժել են Ակտյուբինսկի, Ակմոլինի, Կոստանայի, Արևմտյան Ղազախստանի, Հյուսիս-Ղազախստանի և Պավլոդարի շրջանները։ Ճանապարհների հեղեղումների պատճառով երկրի յոթ շրջանում 26 բնակավայր մնացել է առանց տրանսպորտային հաղորդակցության: