Ռուս պաշտոնյաները խեղաթյուրել և հրապարակայնորեն մերժել են այն տեղեկատվության օգտակարությունը, որը ԱՄՆ կառավարությունը փոխանցել էր. դեսպան
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված այն փաստի հետ, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ կիսվել է ահաբեկչական սպառնալիքի մասին հետախուզական տեղեկատվությամբ:
«Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ Միացյալ Նահանգները անվերապահորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով: Մենք հիշում ենք, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հենց Ռուսաստանն է առաջինը կապի դուրս եկել ԱՄՆ-ի հետ։ Ահաբեկչության դեմ պայքարի մեր երկրի սեփական փորձից մենք որդեգրել ենք «նախազգուշացման պարտականություն» քաղաքականությունը, որը թույլ է տալիս մեզ տեղեկատվություն տարածել, երբ սպառնալիք կա խաղաղ քաղաքացիների համար: Ընդ որում, ոչ միայն դաշնակիցների, այլեւ այն երկրների հետ, որոնց հետ մենք կարող ենք խորը տարաձայնություններ ունենալ, այդ թվում՝ Ռուսաստանի», - հիշեցրել է Լին Թրեյսին:
ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ սպառնալիքների մասին տեղեկատվությունը կիսել է Ռուսաստանի իշխանությունների հետ և շարունակելու է դա անել:
«Ցավոք, մի քանի ռուս պաշտոնյաներ խեղաթյուրել և հրապարակայնորեն մերժել են այն տեղեկատվության օգտակարությունը, որը ԱՄՆ կառավարությունը այս ամսվա սկզբին «Իսլամական պետության» սպառնալիքների վերաբերյալ փոխանցել էր Ռուսաստանի անվտանգության ծառայություններին: Ռուսաստանի իշխանություններին փոխանցված գրավոր տեղեկատվությունը կոնկրետ էր, ժամանակին և վստահելի»,- ասել է դեսպանը։