ՆԱՏՕ-ն կաջակցի, որպեսզի թուրքերի միջոցով Հայաստանը դարձնեն անշրջելի ՆԱՏՕ-յական գոտի. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ինչքան էլ ցավալի է, Հայաստանի և ԵՄ հարաբերությունների մաքսիմումը լինելու է Հայաստանի ԵՄ անդամության թեկնածու դառնալը, որին կհետևի երկարատև հույսերի շրջան, թե Հայաստանը վերջապես երբ կդառնա ԵՄ անդամ։
Հայաստանի ՆԱՏՕ-ական ապագան հնարավոր է բացառապես մի դեպքում` երբ Հայաստանը վերջնականապես և անշրրջելիորեն կդառնա Թուրքիայի կցորդը։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի թեմայի ակտուալացումը իսկապես հղի է Հայաստանի ինքնիշխանության բեկորների վատնմամբ, և այս իմաստով Լավրովը իրավացի էր (մոռանանք էմոցիաներն ու ատելությունը, և ամեն ինչ նայենք սառը պրագմատիզմի ներքո)։
Ռուսական զորքերի փոխարեն և' ՆԱՏՕ-ն և' Ռուսաստանը կաջակցեն թուրքական «խաղաղապահների» մուտքը։
ՆԱՏՕ-ն կաջակցի, որպեսզի թուրքերի միջոցով Հայաստանը դարձնեն անշրջելի ՆԱՏՕ-յական գոտի, իսկ Ռուսաստանը կաջակցի, որպեսզի ցույց տա իր այլընտրանքի անտանելիությունը, որպեսզի հետո ցույց տա, թե ինչպես Հայաստանի սխալ ընտրությունը հանգեցրեց պետականության ոչնչացմանը, և իր ազդեցության գոտու երկրներին որպես «ձախողված պետության» մոդել ներկայացնի Հայաստանի օրինակը, թե ինչ է լինում, երբ գնում են դեպի Արեւմուտք։
ԵՒ սա այն հարցն է լինելու, որի շուրջ և' Ռուսաստանը և Արևմուտքը կունենան լուռ համաձայնություն (կոնսենսուս):
Հիմա շատերը կասեն, որ սա հնարավոր չէ, սակայն սա իրերի այն վիճակն է, որը բխում է այսօրվա իրադարձությունների տրամաբանությունից։
Ընդ որում այս սցենարը կբացառեն հատկապես նրանք, ովքեր ասում էին Արեւմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտում; նրանք ովքեր ՆԱՏՕ-ի զորքը 10 րոպե հետո բերում էին Հայաստան; նրանք, ովքեր 2021 թվականի սկզբից ասում էին, թե այլևս Ադրբեջանը չի համարձակվի Հայաստանի վրա հարձակվել; նրանք ովքեր ասում էին, թե Թուրքիան կզսպի Ադրբեջանին (ինչպիսի՜ հիմարություն), նրանք ովքեր ամեն օր ասում են, թե ԱՄՆ ճնշում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն ամեն անգամ մեծացնում է իր պահանջները և պատրաստվում նոր հարձակման։
Իհարկե կա չնչին հավանականություն, որ վերը նշված սցենարը չի իրականանա և Հայաստանը կարճ ժամանակ հետո կդառնա ԵՄ անդամ, իսկ հետո արեւմտյան երկրների պաշտպանական և անվտանգային համակարգի մաս, բայց դա միայն այն դեպքում, երբ Թուրքիան այլեւս չի լինի Հյուսիս-ատլանտյան դաշինքի մաս և բաց հակամարտություն կսկսվի գլոբալ Արևմուտքի և Թուրքիայի միջև։ Բաց հակամարտություն ասելով նկատի ունեմ ռազմական բախումներ Արևմուտքի և Թուրքիայի միջև Թուրքիայի տարածքում, որը կծավալվի Ադրբեջանի տարածքում և այս երկու երկրները կհռչակվեն որպես գլոբալ չարիքի առանցքի երկրներ։
Ինչքանո՞վ է սա հավանական։ Բացառել որևէ տարբերակ իհարկե չի կարելի, բայց սա նույնքան հավանական է, ինչքան այն, որ Մարսի Հայկական կայսրությունը տիեզերական պատերազմ կսկսի Երկրի գլոբալ ուժերի դեմ»։