Զգուշացե՛ք, խարդախություն է. Ոստիկանություն
Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։
«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ (011) 52-52-52»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: