ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
Անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, որի հետևանքով զոհվել է 1 տղամարդ, վիրավորվել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։
Զոհված տղամարդու կինն ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, դեմքի կտրած-ծակած վերքեր և ազդրի մակերեսային այրվածք։ Եվս մեկ տղամարդ բեկորային վնասվածք է ստացել։
Նախնական տվյալներով՝ վնասվել են հինգ բնակարանների պատուհանները և պատշգամբների ապակեպատվածքները։ Վնասվել է նաև շենքի կողքին կայանված ավտոմեքենան։
Ուկրաինական լրատվամիջոցներն էլ հաղորդում են հրթիռակոծության հետևանքով Օդեսայում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։